Իսրայելը հարվածել է սիրիացի երկու զինվորի

Իսրայելը հարվածել է սիրիացի երկու զինվորի

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ, ինչի հետևանքով վիրավորվել է սիրիացի երկու զինվոր, չորեքշաբթի վաղ առավոտյան հաղորդել է սիրիական պետական SANA գործակալությունը:

«Լուսաբացին՝ ժամը 00:25-ի սահմաններում, իսրայելական թշնամական կողմը հրթիռային հարված է հասցրել սիրիական օկուպացված Գոլանի հյուսիսից՝ թիրախավորելով որոշ դիրքեր Դամասկոսի մերձակայքում»,- հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:

«Ագրեսիայի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող, և պատճառվել նյութական վնաս»,- նշել է գործակալությունը՝ հավելելով, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը։

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կազմակերպության՝ հարվածները թիրախավորել են Դիմաս քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող ռազմական դիրքերը, ինչպես նաև մայրաքաղաքից արևմուտք ընկած Բեյրութ-Դամասկոս մայրուղին, որտեղ տեղակայված են սիրիական բանակի էլիտար անդամներ:

ՈԿԿ-ն, որն ունի աղբյուրների հսկայական ցանց պատերազմից տուժած երկրում, ասել է, որ հարվածների թիրախ են դարձել նաև իրանամետ «Հիզբոլլահ» զինյալ խմբավորմանը պատկանող պահեստները:

Նշվում է, որ միջադեպն իսրայելական 20-րդ հարձակումն էր այս տարվա ընթացքում:

Ըստ SANA-ի՝ այս ամսվա սկզբին Իսրայելն ավիահարվածներ է հասցրել կառավարության կողմից վերահսկվող Հոմս քաղաքի մոտ։

Սիրիայում ավելի քան տասնամյա պատերազմի ընթացքում Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել՝ հիմնականում թիրախավորելով Իրանի կողմից աջակցվող ուժերին և լիբանանյան «Հիզբոլլահի» գրոհայիններին, ինչպես նաև սիրիական բանակի դիրքերը:

Թեև Իսրայելը հազվադեպ է մեկնաբանում Սիրիային իր հասցրած հարվածները, այնուամենայնիվ բազմիցս ասել է, որ թույլ չի տա իր թշնամի Իրանին ընդլայնել իր հետքն այնտեղ:

 

Add new comment