ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամը Հայաստանին մեղադրել է էկոահաբեկչության մեջ
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը «Զինված հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» զեկույցի ձմեռային նստաշրջանի քննարկման ժամանակ առաջ է տարել ադրբեջանական հերթական կեղծ դրույթները՝ կապված հայկական տարածքների հետ։
«Երբ նայեք Արցախի (խմբ.) տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ են եղել, կտեսնեք, թե ինչպես են ոչնչացվել բուսականությունը, անտառները, ծառերը։
Հայաստանի զինված ուժերի կողմից ոչնչացվել է վայրի բույսերի ավելի քան 460 տեսակ, որոնցից 70-ը էնդեմիկ են և բնական ճանապարհով չեն աճում աշխարհում ոչ մի տեղ։ 7 շրջաններում կար 247 հազար 352 հեկտար անտառային հող, այդ թվում՝ 131 հազար 97.5 հեկտար արժեքավոր անտառային հողեր, 152 բնության հուշարձան։ Բոլորն էլ ոչնչացվել են։ Հարյուրավոր տարիներ գոյացած այդ անտառների փոխարեն այժմ ձգվում են այրված սև անապատային հարթավայրերը։ Բուսական աշխարհի նման դաժան ոչնչացման արդյունքում այս տարածքների կլիման դատապարտված է կտրուկ փոփոխության։ Քանդված շենքերի, ճանապարհների, կամուրջների փոխարեն կարելի է շատ ավելի լավը ստեղծել, քան մի քանի տարի առաջ։ Սակայն հարյուրավոր տարիներ կպահանջվեն ավերված բնությունն ու վիրավորված էկոլոգիան վերականգնելու համար։ Սա հակամարտությունների և պատերազմների հիմնական հետևանքն է, հասցված վերքերի խորությունը»,- ասել է Հուսեյնովը:
Նշվել է նաև, որ բոլոր հակամարտող շրջաններում պետք է բողոքի ձայներ հնչեն բնապահպանական հարձակումների դեմ, որոնք ավելի վտանգավոր են, քան տարածքների օկուպացումը, որովհետև հակամարտությունների և պատերազմների պատճառած վնասը շրջակա միջավայրին միշտ ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն, քան թվում է, և սահմաններ չի ճանաչում: Նման իրավիճակների դեմ պայքարը չպետք է սահմանափակվի միայն այն մարդկանցով, որտեղ գտնվում են այդ հակամարտությունները, այլ պետք է դառնա ջանքերը միավորող ընդհանուր շարժում։
Հարկ է նշել, որ բնության մասին մտահոգվող ադրբեջանցիները տեղյակ չեն, որ քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակի օգտագործման հետևանքով ոչ միայն բնությունը, այլև կենդանական աշխարհը կարող է լուրջ վնասներ կրել։
Ֆոսֆորի հրկիզող զինատեսակները լուրջ վնաս են հասցնում տարածքում գտնվող մարդկանց, բնությանը, կենդանիներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Add new comment