ԻՀՊԿ-ն մոտ ապագայում կստանա «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի արդյունաբերական և հետազոտական հարցերով տեղակալ Աֆշին Նադերի Շարիֆը հայտարարել է, որ մոտ ապագայում «Հաջ Քասեմ» բալիստիկ հրթիռը կմատակարարվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
«Հաջ Քասեմը» իրանական արտադրության բալիստիկ հրթիռ է, որը ներկայացվել է 2020 թվականի օգոստոսի 20-ին: Այն անվանվել է ի պատիվ Իրանի հակաահաբեկչական բարձրագույն հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի, որը սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ կատարված հարձակման հետևանքով։
«Հաջ Քասեմ» հրթիռի հեռահարությունը 1400 կիլոմետր է (870 մղոն)՝ 500 կիլոգրամ կշռող մարտագլխիկով (1100 ֆունտ): Հրթիռը համարվում է «Ֆաթեհ-110»-ի նոր սերունդը և ունի հրթիռային պաշտպանության համակարգ անցնելու հնարավորություն։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս սեփական զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։ Այս համատեքստում իրանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության սպառազինության մշակմանը և այլ երկրներից ունեցած կախվածության նվազեցմանը։
Add new comment