շքերթ

Հյուսիսային Կորեայի նախագահը շքերթի ժամանակ ցուցադրում է միջուկային հզորությամբ հրթիռներ, անօդաչու սարքեր

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված ռազմական մեծ շքերթ, որտեղ ցուցադրվել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր:
Հինգշաբթի երեկոյան նախագահ Կիմ Չեն Ընը գլխավորել է «Հաղթանակի օրը» շքերթը, որը Հյուսիսային Կորեայի՝ 1950-53 թվականների Կորեական պատերազմում ռազմական գործողությունների ավարտն է խորհրդանշում։ Շքերթն ուղեկցվում էր Չինաստանից և Ռուսաստանից այցելած պատվիրակություններով:
Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության (ԿԿԼԳ)՝ ներկայացվել են Հյուսիսային Կորեայի «Hwasong-17» և «Hwasong-18» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, նոր գրոհային և լրտեսական անօդաչու թռչող սարքեր: 
«Ռազմավարական անօդաչու հետախուզական ինքնաթիռները և բազմաֆունկցիոնալ գրոհային անօդաչու թռչող սարքերը, որոնք նոր են մշակվել և արտադրվել, սավառնում էին Կորեայի երկնքում՝ կրկնապատկելով տոնակատարությանը ներկա մարդկանց ուրախությունը»,- նշել է ԿԿԼԳ-ն:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ Լի Հոնչժոնգը՝ առաջին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք Փհենյան են այցելել «COVID-19» համաճարակից հետո, Կիմ Չեն Ընի հետ շքերթին հետևել են մայրաքաղաքին նայող պատշգամբից:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ նախագահ Կիմն ու Շոյգուն միասին դիտել են ռազմական ցուցահանդեսն ու բանակցություններ վարել «տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի» հետ կապված ռազմական հարցերի շուրջ։
 

Add new comment