Submitted by H.Andreasyan on
ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 20 դիվանագետ հանդիպում է ԱՀ քաղաքացիների հետ

ՀՀ-ում հավատարմագրված շուրջ 20 դիվանագետ հանդիպում է ԱՀ քաղաքացիների հետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում այս պահին հանդիպում է Արցախի քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

«Ավելի քան վստահ եմ, որ հետևում եք Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարություններին, որոնք շատ դժվար կլինի կառուցողական համարել: Եվ, ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այն գործողությունները, որոնք տեսնում ենք նրանց կողմից, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի ԼՂ-ում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող:

Եվ հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այստեղ այսօր, հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներին, և մենք հույս ունենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»,- հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում, սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս բեռնատարներին մուտք գործել շրջափակված Արցախ: Ռուսական խաղաղապահները ևս չեն արձագանքել հայկական կողմի խնդրանքին:

Add new comment