Submitted by H.Andreasyan on
ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն ուղարկել ձեզ. առևանգված արցախցու դուստր

ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն ուղարկել ձեզ. առևանգված արցախցու դուստր

Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ինքը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել հարազատներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրենք` ընտանիքի անդամները, մինչ այս պահը չեն կարողացել կապ հաստատել հոր հետ։

«Իսկ այն, որ ասել էին, թե հարազատները կապ են հաստատել իր հետ, ասել եմ, որ կեղծ է, նման բան չկա։ Նրանք ասացին, որ այդ հաղորդագրությունը կջնջեն։ Միևնույն ժամանակ ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ»,- պատմել է Վերա Խաչատրյանը։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո Վերա Խաչատրյանն ակնկալիք չունի, որ կվերադարձնեն իր հորը. ԿԽՄԿ-ից ասել են, որ իրենց մանդատը թույլ է տալիս միայն տեսակցություններ կազմակերպել։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը ԿԽՄԿ-ից տեղեկացել է, որ միայն հուլիսի 29-ին են կոմիտեից այցելել հորը․ «Ասում են, որ շատ են ցավում կատարվածի համար։ Ասում են, որ Ադրբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրը պետք է անցներ սահմանը, սակայն խախտել է խոստումը»։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Add new comment