Submitted by H.Andreasyan on
Ինչո՞ւ պատերազմի ժամանակ ՍՈՒ-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել․ հարց ՊՆ նախկին նախարարին

Ինչո՞ւ պատերազմի ժամանակ «Սու-30»-ները մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել․ հարց ՊՆ նախկին նախարարին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդել է, որ «Սու-30» կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։

Հարցին, թե ինչու պատերազմի ժամանակ Սու-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է․ «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցվեց, որ «Սու-30»-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է: Բացի դրանից՝ «Սու-30»-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված՝ գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողություններ վարելու առումով հագեցվածություն ունեինք, նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան կամ ժանգոտած: Այդ հրթիռներն օգտագործվել են «Սու-30»-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»:

Անդրադառնալով «Սու-30»-ների ձեռքբերման հիմնավորվածությանը՝ Տոնոյանն ասել է․ «Իսկ բացի հանրության մեջ առաջացող հարցերից՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ «Սու-30»-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն «Սու-30»-ները` հեռավորության վրա ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»։

Նա նշել է, որ այն, ինչ Ադրբեջանն այսօր անում է հիմա Թուրքիայի հետ` արդիականացնում է «Սու-25»-երը, 2020 թվականի օգոստոսի 24-ին իր տեղակալը Մոսկվայում Սու-երի արդիականացման պայմանագիր է կնքել ՌԴ-ի հետ, ինքն էլ ներկա է եղել ստորագրմանը։

«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,- նշել է Տոնոյանը։

Պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե իրենց տեղեկության համաձայն՝ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել «Սու-30»-ով, այն էլ` հետախուզական, Տոնոյանը պատասխանել է, որ «Սու-30»-ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմաններն ու հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և գրոհային կարողություններն ավելացնելու համար։

«Որպեսզի ձեռքբերումից հետո «Սու-30»-ները դառնային մարտունակ, և հնարավորություն լիներ, բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորելու, ժամանակ էր պետք»,- հավելել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել «Սու- 30»-ների ձեռքբերման համար, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, ՊՆ նախկին նախարարը, իր խոսքով, կհստակեցնի փակ ձևաչափով նիստի ժամանակ:

Add new comment