Պատերազմից առաջ «F-16»-երի խոցումը ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում. մեզ կար դիմում՝ չսադրել. Դավիթ Տոնոյան
Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, «F-16»-երի վերաբազավորումը դեպի Գանձակ (Գյանջա) հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին` ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, ասել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Ըստ նրա` նման կասկածներ ուներ և՛ Գլխավոր շտաբը, և՛ ինքն անձամբ` հաշվի առնելով իր երկարատև փորձը նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ «F-16»-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- ասել է Տոնոյանը և հավելել, որ ինքը, այդ ժամանակահատվածից սկսած, 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ։
«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում «F-16»-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասել է Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից պատերազմից առաջ հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ հավանական չէ։
Նա նաև նշել է, որ 2 խումբ հանդիպումներ է նախաձեռնել և խոսակցություն ունեցել Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ՝ «F16-»-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով․ «Օրական ունեցել եմ 3-4 հանդիպում, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Բոլորին տրվել են Թուրքիայի «F-16»-ի օդային դիագրամները ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացրե՛ք այդ երկրի ներգրավումն Արցախյան պատերազմի թատերաբեմում»։
Դիտարկմանը, թե օդում կախված լուրեր կային, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրներից մեկը մեզ օգնության առաջարկություններ է արել, ինքը հրաժարվել է, Տոնոյանը նշել է, որ նման բան չի եղել։
Add new comment