Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը մտահոգություն է հայտնել Լիբանանի «Այն ալ-Հիլվե» ճամբարում բախումների կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին մտահոգություն է հայտնել Լիբանանի հարավում գտնվող պաղեստինյան «Այն ալ-Հիլվե» ճամբարում  տեղի ունեցած զինված բախումների և դրանց շարունակման կապակցությամբ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է բախումների ամբողջական դադարեցման և հրադադարին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Պաղեստինն այսօր առավել քան երբևէ պաղեստինցիների շարքերի միասնության ու համախմբվածության կարիքն ունի։ 

Հաղորդվում է, որ պաղեստինյան «Այն ալ-Հիլվե» ճամբարում բախումները սկսվել են նախորդ շաբաթ՝ այն բանից հետո, երբ «Ֆաթհ» շարժման ավագ սպաներից մեկը և նրա երեք թիկնապահները ճամբարում սպանվեցին: Այս բախումները սրվել են երկուշաբթի, երբ ծանր զինատեսակներ են կիրառվել։

Բախումների հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Իրավիճակի սրման հետևանքով բնակիչների 60%-ը լքել է իրենց տները:

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կրկին սրվել է, և պարբերաբար երկու կողմերի միջև բախումներ են տեղի ունենում։ Այս հակամարտության շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև իսլամադավան երկրների մեծ մասն աջակցում են Պաղեստինի դիրքորոշմանը, ինչպես նաև չեն ճանաչում Իսրայել պետության գոյությունը՝ այն համարելով օկուպանտ և կեղծ։


 

Add new comment