Պակիստանի նախագահը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին հայտարարել է, որ ինքը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Վերջինս միևնույն ժամանակ կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել Իրանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում ամրապնդելու համար։
Արիֆ Ալվին հանդիպում է ունեցել նաև Իրանում Պակիստանի նոր դեսպան Մուհամմադ Մուդասիր Թիպուի հետ։ Վերջինս նշել է, որ Իրանը Պակիստանի եղբայրն ու հարևանն է, և Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Թեհրանի հետ իր հարաբերություններին, որոնք արմատավորված են պատմության, մշակույթի և կրոնի վրա։
Պակիստանի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է խորացնել հատկապես առևտրային, տնտեսական և մշակութային ոլորտներում։ Գնահատելով Իրանի կառավարության և ժողովրդի աջակցությունը Պակիստանի տարածաշրջանային դիրքորոշումներին՝ Ալվին ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
#Դետքի_հետագծով
Ընդհանուր առմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պակիստանի հետ ունի բնականոն հարաբերություններ և համագործակցություն։ Միևնույն ժամանակ երկու երկրներն ունեն համագործակցության միմյանց հետաքրքրող խնդիրներ՝ կապված սահմանների անվտանգության հետ։ Մասնավորապես Պակիստանում գտնվող և այդ երկրի իշխանությունների կողմից չվերահսկվող գրոհային խմբերը վտանգ են ներկայացնում նաև Իրանի համար, իսկ վերջինս տարբեր կերպ փորձում է չեզոքացնել այդ վտանգը։
Add new comment