Հապճեպ նախապատրաստված հաշտության պայմանագիրը կհանգեցնի նոր հակամարտությունների. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը՝ ի հաշիվ որակի և պատշաճ պատրաստության, ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Գոնչարն ասել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Ընդհակառակը, դա ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդնի։ Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- հայտնել է նա։
Գոնչարը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ Բաքուն և Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները կողմերն իրենք պետք է որոշեն։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել երկարաժամկետ ամուր պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն տեղում տիրող իրողությունների, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում միջնորդություն իրականացնելու նպատակով Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական մրցակցություն է ընթանում։ Արևմուտքը փորձում է ամեն գնով և հնարավորինս արագ հասնել որևէ փաստաթղթի ստորագրման, որով ռուս խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, և ռուս պաշտոնյայի հայտարարությունը տեղավորվում է այս տրամաբանության մեջ։
Add new comment