Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչն է լինելու` ինչպես են հետագայում վարվելու մնացածի նկատմամբ. ԱՀ նախագահ
Ցանկացած առաջարկության հիմքում պետք է ընկած լինի մեր անվտանգությունը: Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքը վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է: Այս մասին օգոստոսի 6-ին Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Մի մարդ, որը որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է: Եթե նրանք կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախի ցանկացած քաղաքացու այդ նույն մեղադրանքը կարող են առաջադրել»,- նշել է նա:
Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի վիճակին՝ նախագահ Հարությունյանն ասել է, որ փորձում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ստանալ. «Կարծես առողջական վիճակի առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ նա առողջական ծանր խնդիրներ ուներ, դրա համար էր տեղափոխվում Երևան՝ վիրահատվելու: Մենք պայքարելու ենք, Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շատ կարևոր է, և հետագա բոլոր շփումներում, մեր քայլերում մենք դա հիմք ենք ընդունելու: Ադրբեջանի այս պահվածքը հենց այն ցուցիչն է, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածների նկատմամբ»։
Add new comment