Իրանի ԱԳ նախարարը կրկին հերքել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին տեղեկությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերթական անգամ հերքել է իր երկրի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումների մասին պնդումները։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աբդոլլահիանն այս մասին ասել է Տոկիոյում իր ճապոնացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Աբդոլլահիանը միևնույն ժամանակ շեշտել է՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումն է, որը հանգեցնում է հակամարտության խորացման։ «Ուկրաինայի հակամարտության ընթացքում մենք երբեք իրանական անօդաչու թռչող սարքեր կամ զենք չենք մատակարարել Ռուսաստանին: Հենց Եվրոպայի և Ամերիկայի կողմից զենքի մատակարարումներն են, որ հանգեցնում են հետագա ավերածությունների և կոտորածի»,- ասել է նա։
Իրանի գլխավոր դիվանագետը նաև նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար կարևոր հարևան երկիր է։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցային հարաբերություններ ունենք տարբեր բնագավառներում, ներառյալ առևտուրը, տնտեսությունը և զբոսաշրջությունը»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանը և Ռուսաստանը բազմիցս հերքել են այն մեղադրանքները, թե իրանական կողմը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայում կիրառելու համար: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ դեմ է պատերազմի շարունակմանը, ուստի հակամարտող կողմերից որևէ մեկին սպառազինություն չի մատակարարում։
Add new comment