ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթ տրամադրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ փաթեթի արժեքը կկազմի 200 միլիոն ամերիկյան դոլար։ Գործակալության աղբյուրի տվյալով՝ փաթեթը կներառի հակատանկային հրթիռային համալիրներ, ականազերծման միջոցներ և «Patriot» զենիթահրթիռային համալիրների զինամթերք:
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստովանել էր, որ թյուրիմացության պատճառով սխալ էր գնահատել Ուկրաինային փոխանցված սպառազինության մի մասի արժեքը, որն ուռճացված է եղել մոտ 6․2 մլրդ դոլարով: Այժմ ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում Ուկրաինային այդ գումարի չափով ռազմական օգնության տրամադրմանը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել է «Abrams» տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա։ Երկուշաբթի ԱՄՆ բանակի մատակարարման և գնումների ծառայության ղեկավար Դագ Բուշը հայտարարել է, թե առաջին տանկերը պետք է Ուկրաինա հասնեն աշնան սկզբին։
«Այժմ դրանք պետք է առաքվեն Եվրոպա, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինա, ինչպես նաև այն ամենը, ինչ գալիս է նրանց հետ՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման սարքավորումներ: Այսինքն՝ միայն տանկեր չեն, դա ամբողջական փաթեթ է»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Ընդհանուր առմամբ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային տրամադրել են 66.2 միլիարդ դոլարի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն։ Այդ միջոցների մեծ մասը՝ 44 միլիարդ դոլարը, հատկացվել է ռազմական օգնությանը:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային զգալիորեն գերազանցում է այլ երկրներին տրվող օգնությունը։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Վաշինգտոնի կողմից մեկ այլ երկրի ցուցաբերած ամենամեծ օգնությունն է:
Add new comment