Էլչին էմիրբեյովն անդրադարձել է Բերձորում (խմբ.) ստեղծված իրավիճակին
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Monde» թերթին:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ներկայացնում ենք այն դրույթները, որոնք նշել է Էմիրբեյովը։
- Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ Բերձորի (խմբ․) ճանապարհը պետք է օգտագործվի մարդասիրական նպատակներով, սակայն երկուսուկես տարի Հայաստանն օգտագործել է այդ ճանապարհն ապօրինի, այդ թվում՝ իր զինված ուժերն ուղարկելու համար։
- Արցախում (խմբ․) 120 հազար հայերի թիվը ճիշտ չէ, և իրականում կա 50 հազար հայ, այդ թվում՝ 10 հազար «անօրինական» հայկական զինված ուժեր։
- Հայերը Հայաստանի զինված ուժերի անդամներ են, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի տարածք՝ հակառակ եռակողմ հայտարարության։ Այդ իսկ պատճառով ադրբեջանական կողմը Բերձորում (խմբ․) անցակետ է տեղադրել ապրիլի 23-ին՝ միջազգային իրավունքի համաձայն։
- Եթե իսկապես իրավիճակն այնքան ողբերգական լիներ, որքան ներկայացվում էր, մարդկանց չէր հետաքրքրի, թե որ կողմից է հումանիտար օգնությունը հասնում. դա նշանակում է, որ այսպես կոչված «իշխող շրջանակները» պատանդ են պահում այնտեղ ապրող հայերի մեծ մասին, քանի որ սոցիալական ցանցերում դժգոհություններ են հնչում։ Այս իրավիճակը, այսպես կոչված, իշխող ուժերը ցանկանում են օգտագործել միջազգային մակարդակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։
Լրագրողի՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմ լինելու մասին սադրիչ հարցին ի պատասխան՝ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, և երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին, ոչ մի երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, կատարյալ չէ։
#Դետքի_հետագծով
Այս քարոզչական դրույթները բացահայտ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին են խոսում։ Անհիմն մեղադրանքները, իրականության խեղաթյուրումը, Ադրբեջանի կողմից ապօրինի գործողություններից հրաժարվելը փաստում են այն մասին, որ Ադրբեջանը երբեք չի ձգտելու խաղաղության։
Add new comment