Որոնք են ՀՀ առջև ծառացած ամենամեծ խնդիրները․ հարցումներ ՀՀ քաղաքացիների շրջանում
«MPG/Gallup International Association»-ը հրապարակել է Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները, որտեղ, ի թիվս ներքաղաքական մի շարք հարցերի, տեղ են գտել նաև հարցեր պետության առջև ծառացած խնդիրների և Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները՝ բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից համամասնորեն: Հարցազրույցներն անցկացվել են Հայաստանի 10 մարզերում (մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ) և Երևանի բոլոր համայնքներում՝ ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
- Հետազոտության մեթոդը - հեռախոսային հարցումներ
- Հարցումների քանակը - 1100
- Հետազոտության ընտրանքային սխալը - ±3%
- Հետազոտության իրականացման ժամանակահատվածը - 27.07.2023-31.07.2023
- Հետազոտության վայրը - Հայաստանի Հանրապետություն
Հարցվածների գերակշռող մասն անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը։ Եթե դիտարկենք նույն հարցման արդյունքները, որն անցկացվել է մայիսին, ապա վերջին տվյալներով՝ նրանց թիվն աճել է։ Արցախի շրջափակման և հումանիտար ճգնաժամի պայմաններում մեր բնակչության շրջանում աճել է մտահոգությունն Արցախի իրավիճակի առնչությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության ու բնակիչների կարգավիճակի հետ։ Սրանից ելնելով՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» եզրույթն անհրաժեշտ է հայկական կողմին՝ հասնելու հայանպաստ, հայկական օրակարգով Արցախի ապագան երաշխավորող լուծման:
Ըստ հարցումների՝ Հայաստանի ամենակարևոր խնդիրն անվտանգության խնդիրն է։ Երկրորդ տեղում սահմանների հստակեցման հարցն է, երրորդում՝ գերիների վերադարձի, չորրորդը՝ խաղաղության, և միայն հինգերորդը՝ տնտեսությունը կայունացնելու։ Սա խոսում է այն մասին, որ վերջին իրադարձությունները որոշակիորեն փոխել են հանրային տրամադրությունները, և մարդիկ սկսել են հասկանալ, որ անվտանգությունն է այն գլխավոր հարցը, որը պետք է լուծեն իշխանությունները։ Եթե չկա անվտանգություն, չի կարող լինել ոչ բարեկեցություն, ոչ զարգացում և ոչ էլ ապագա։
Կից ներկայացնում ենք նաև հարցումների վերաբերյալ «Հայկական Ալիք»-ի (Ինչպիսի՞ն է հանրային կարծիքը ՀՀ խնդիրների և Արցախի ապագայի վերաբերյալ - Հայկական ալիք (hayaliq.com)) հրապարակած տվյալները։
• Հարցվածների 94.4%-ը անընդունելի է համարում Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը։ 2023 թ․ մայիսի հարցման տվյալներով այդ ցուցանիշը 86% էր։
• Հարցվածների 32.4%-ը կարծում է, որ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը պատերազմի վտանգն է։
• Երկրորդ տեղում, ըստ հարցման մասնակիցների 30.7%-ի, Արցախյան հիմնախնդիրն է։ 2023 թ․ մայիսի հարցման տվյալներով այս ցուցանիշը 14.8% էր։
• 30.4%-ը կարծում է, որ ամենակարևոր խնդիրը անվտանգության խնդիրն է, իսկ 27.8%-ը կարծում է, որ սահմանների հստակեցման խնդիրն է։
• Հարցվածների 67%-ը չի վստահում ՀՀ դե ֆակտո վարչապետի հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում հնչեցված պատասխաններին և տեղեկատվությանը։
• Հարցվածների 13.3%-ն է նշել, որ այս կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 36.3%-ը նշել է, որ չէր մասնակցի ընտրություններին։
Add new comment