Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանական արտադրության ԱԹՍ-ները ներկայացվել են Ռուսաստանում

Իրանական կողմը Ռուսաստանում ընթացող «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում ներկայացրել է անօդաչու թռչող սարքերի տարբեր տեսակներ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհետախուզության միջոցներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանը ցուցադրել է «Arash», «Ababil-5», «Karrar» անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի «Hunter-2» համակարգը, որը 200 կիլոմետր հեռավորությունից հայտնաբերում է ինքնաթիռի տիպի անօդաչուները։

«Այն ոչ միայն պարզապես հայտնաբերում, այլև աշխատում է խոցման համակարգերի հետ միասին, ընդ որում՝ ցանկացած տեսակի։ Համակարգերից յուրաքանչյուրը, որն այստեղ ներկայացվել է, ունի մարտական օգտագործման հարուստ փորձ։ Իրանը բաց է Ռուսաստանի հետ համագործակցության համար պաշտպանական ոլորտում»,- ասել են համաժողովին ներկա իրանցի պատվիրակները։

Իրանը ցուցադրել է նաև «GB125» կառավարվող ռումբերը, «Yasin» ուսումնամարզական ինքնաթիռը, նավակներ, «СМ-300» հականավային թևավոր հրթիռները։

Նշվում է, որ համաժողովն ընթանալու է օգոստոսի 14-20-ը Ալաբինոյի զորադաշտում և Կուբինկայի օդանավակայանում։ Համաժողովին կմասնակցեն 85 օտարերկրյա ընկերություններ և կազմակերպություններ աշխարհի 7 երկրներից։ 

#Դետքի_հետագծով

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը խորացնում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սա պայմանավորված է հատկապես երկու երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, որոնք ավելի են մերձեցնում Իրանին ու Ռուսաստանին։

 

Add new comment