Քանաանին հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ից իրանական ակտիվների ապասառեցման հարցում երաշխիքներ է ստացել
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ից պարտավորությունների կատարման հարցում անհրաժեշտ երաշխիքներ է ստացել բանտարկյալների փոխանակման և իրանական ակտիվների ապասառեցման համաձայնագրի շրջանակում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թեհրանն ուշադիր հետևում է գործընթացին։
«Բանտարկյալների փոխանակման գործընթացը շարունակվում է մոտ երկու տարի։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է երկրի ակտիվների ապասառեցմանը, որոնք սառեցվել են այլ երկրներում ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների պատճառով»,- իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրանցի պաշտոնյան։
Վերջինս հավելել է, որ իրանական կողմն ուսումնասիրել է նաև ԱՄՆ-ում անհիմն մեղադրանքներով կալանավորված իրանցի քաղաքացիների վիճակը։
#Դետքի_հետագծով
Իրանի և Միացյալ Նահանգների միջև տևական ժամանակ շարունակվում են բանակցությունները հատկապես իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ, որոնց կառավարումից Իրանը տասնամյակներ շարունակ զրկվել է երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Հաջողության պարագայում Իրանը կկարողանա այդ միջոցները ներդնել երկրի տնտեսության մեջ և զգալի օգուտներ քաղել, որոնք ԱՄՆ-ին կզրկեն ֆինանսական ճնշումներ գործադրելու հնարավորությունից։
Add new comment