,

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի պաշտպանական դաշինքը սրում է տարածաշրջանային լարվածությունը, Չինաստան

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարները կհանդիպեն Քեմփ Դեյվիդում այս ուրբաթ, և ըստ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ակնկալվում է, որ նրանք մի շարք համատեղ նախաձեռնություններ կսկսեն, հատկապես տեխնոլոգիայի և պաշտպանության ոլորտում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Քեմփ Դեյվիդի հանդիպումից առաջ՝ երկուշաբթի, վիրտուալ հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշիի և Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Ջինի հետ, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, մեծ հավանականություն կա, որ երեք կողմերը քննարկել են առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունները: Լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, պարզել է, որ Քեմփ Դեյվիդի հանդիպումը դժվար թե ստեղծի անվտանգության պաշտոնական պայմանավորվածություն, սակայն նրանք փոխըմբռնման կգան տարածաշրջանային պարտականությունների վերաբերյալ և կստեղծեն եռակողմ թեժ գիծ ճգնաժամի ժամանակ հաղորդակցվելու նպատակով:
Երկրների միջև համատեղ հայտարարություն կձևավորվի՝ Չինաստանի և Թայվանի խնդիրների հետ կապված, ասել է ամերիկացի պաշտոնյան:
Վաշինգտոնն արդեն պաշտպանական պայմանավորվածություններ է ունեցել ինչպես Տոկիոյի, այնպես էլ Սեուլի հետ, սակայն ըստ փորձագետների՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ այդ երկու երկրներն ավելի սերտ համագործակցեն Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերն ամրապնդելու նպատակով:
«Ճապոնիա-ԱՄՆ-Հարավային Կորեա դաշինքի ամրապնդումը միայն կուժեղացնի լարվածությունն Արևելյան Ասիայում, ինչը շատ վտանգավոր է»,- վերջերս «China Media Group»-ին ասել է Տոկիոյի Աոյամա Գակուին համալսարանի միջազգային քաղաքականության ճապոնացի պրոֆեսոր Կումիկո Հաբան:
Անդրադառնալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև ամրապնդվող ռազմական համագործակցությանը՝ Չինաստանի ԱԳՆ-ն նշել է, որ պետություն-պետություն ռազմական համագործակցությունը պետք է նպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և չպետք է թիրախավորի որևէ երրորդ պետության կամ վնաս հասցնի որևէ երրորդ կողմի շահերին:
Նաև ասվում է, որ Չինաստանը կտրականապես դեմ է, որ Ասիայի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից դուրս գտնվող երկրները միջամտեն Ասիայի գործերին, և Հարավային Կորեան ու Ճապոնիան պետք է ձեռնպահ մնան որևէ գործողություն անելուց, որը խաթարում է տարածաշրջանի երկրների միջև փոխվստահությունը և վնասում տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Բացի դրանից՝ Չինաստանը հասկացրել է, որ Թայվանը Չինաստանի օտարելի մասն է։ Ասվում է, որ Թայվանի հարցը Չինաստանի հիմնական շահերի հիմքում է, և այն թիվ մեկ կարմիր գիծն է, որը չպետք է հատել, և որ ցանկացած այլ երկիր չպետք է միջամտի Չինաստանի ներքին գործերին։

Add new comment