Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի ռազմածովային ուժերը շուտով կներկայացնեն իրենց նոր ձեռքբերումները

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շարամ Իրանին հայտարարել է, որ Իրանի  ռազմածովային ուժերը մոտ ապագայում կբացահայտեն իրենց նոր ձեռքբերումները։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով միջազգային ջրերում Իրանի շարունակական ներկայության մտադրություններին՝ Իրանին նշել է, որ ռազմածովային ուժերն այս հարցում մանրամասն ծրագրեր են մշակել, որոնց մասին կհայտարարվի մոտ ապագայում։  Նա շեշտել է, որ ավարտվել է գերիշխանություն պարտադրելու շրջանը, և թշնամին ձգտում է վերականգնել իր ուժը։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի թշնամիները չեն կարող հանդուրժել հատկապես տարածաշրջանի երկրների մերձեցումը։

Անդրադառնալով Իրանի ռազմածովային նավատորմում բեկումնային տեխնոլոգիաների կիրառմանը` վերջինս ասել է, որ Իրանի առաջին քայլը նավատորմում արհեստական ​​ինտելեկտի կիրառումն է, և դա օրակարգային է:

Իրանին հավելել է, որ բանակի նավատորմն այս տարի իր օրակարգում ունի մի քանի զորավարժություն, որոնցից մեկը ծովային անօդաչու թռչող սարքերի առաջին զորավարժությունն է տարբեր միջավայրերում։ «Մենք երկու համատեղ վարժանք կանցկացնենք՝ մեկը Օմանի, մյուսը՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, և կանխատեսում ենք, որ զորավարժություններին ավելի շատ երկրներ կմասնակցեն»,- եզրափակել է նա։


#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները հստակ քայլեր են ձեռնարկում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այստեղ առանցքային նշանակություն ունեն հատկապես իրանական ռազմածովային ուժերը, որոնք ապահովում են երկրի ջրային սահմանների անվտանգությունը։


 

Add new comment