Թեհրանն ու Մոսկվան քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է Մոսկվայի միջազգային անվտանգության XI համաժողովի շրջանակում։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և միջազգային իրադրության հարցերի վերաբերյալ։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը հաստատել են երկխոսությունը խորացնելու և պաշտպանական ոլորտում շփումները զարգացնելու մակարդակի բարձրացման տրամադրվածությունը։
Իրանական կողմն իր հերթին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է Մոսկվայի հետ խորացնել ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցությունը։ Պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ ռուս-իրանական փոխգործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին ակտիվորեն խորացնում են իրենց համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում։ Այս համագործակցությունը նոր թափ ստացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ սահմանվեցին։
Add new comment