Submitted by D.Guyumjyan on
DETQ

Թեհրանը Վաշինգտոնի հետ ձեռք բերած համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում

Պաշտոնական Թեհրանն իրանական ակտիվների ապասառեցման հարցում Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնությունը վերջինիս համար փորձություն է համարում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ իրանական սառեցված ակտիվների ազատումը համարվում է արժանի դիվանագիտության մաս։ «Հարավային Կորեայից մեր միջոցների ազատումն ու փոխանցումը մեր արժանի դիվանագիտության մի մասն են։ Այս համաձայնագիրը ևս մեկ փորձություն է ԱՄՆ-ի համար»,- ասել է նա։

Աբդոլլահիանը շեշտել է՝ Թեհրանը շարունակում է պատժամիջոցները չեղարկելու և բոլոր կողմերին Իրանի առաջ ստանձնած միջազգային պարտավորություններին վերադարձնելու ջանքերը: Նրա խոսքով՝ իրանական ակտիվների ապասառեցումը կնպաստի բանակցային գործընթացքի առաջ մղմանը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է իրանական սառեցված ակտիվների ազատման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման գործընթացը։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել շուրջ երկու տարի տևած անուղղակի բանակցություններից հետո։

#Դետքի_հետագծով

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների արդյունքում վերջերս պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ կապված իրանական արգելափակված ակտիվների ապասառեցման հետ։ Այս միջոցները կարևոր նշանակություն ունեն Իրանի համար, որոնք երկիրը կարող է օգտագործել առկա տնտեսական խնդիրները լուծելու նպատակով։ 


 

Add new comment