«Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտարարել է, որ վերացրել է ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկին
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտարարել է Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հայտարարության համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների մարտիկները, միջազգային կոալիցիայի և Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական ծառայության հետ համագործակցությամբ, հատուկ գործողություն են իրականացրել Ռաքքա քաղաքի կենտրոնում, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկը՝ Իբրահիմ ալ Ալի անունով, որը հայտնի է նաև որպես Աբու Մուջահիդ: Նշվում է, որ այն տանը, որտեղ թաքնվում էր նա, հայտնաբերվել են զենք ու զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ։
Սիրիայի Հասաքայի, Դեյր էզ-Զորի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կողմից, որին օգնություն է ցույց տալիս ԱՄՆ-ն։ 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն 9 ռազմակայան է ստեղծել այդ շրջանում։
Add new comment