Թայվանը հաջորդ տարի կավելացնի ռազմական ծախսերը
Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն ու դեմ է կղզու և այլ երկրների միջև ցանկացած պաշտոնական շփումների:
Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը հայտարարել է հաջորդ տարի Թայբեյի պաշտպանական բյուջեն 4.6%-ով ավելացնելու ծրագրերի մասին, ինչը կլինի կղզու ռազմական ծախսերի աճի յոթերորդ տարին անընդմեջ:
Խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում պաշտպանության ընդհանուր բյուջեն կկազմի 19 միլիարդ դոլար, ինչը կազմում է Թայվանի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2.5%-ը։
Կղզու ռազմական ծախսերի ավելացումն առաջարկելիս Ցայը հայտարարության մեջ ասել է, որ «Թայվանը պետք է շարունակի ամրապնդել իր ինքնապաշտպանական կարողությունները, ցույց տալ ինքնապաշտպանության իր վճռականությունը, ապահովել իր ազգային անվտանգությունն ու շահերը և փնտրել ավելի շատ միջազգային աջակցություն»:
Հայտարարությունը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Չինաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը համատեղ պարեկություն ու վարժանքներ են անցկացրել Թայվանի շրջակայքում: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի արևելյան կողմի հրամանատարության խոսնակ Շի Յիի խոսքով՝ զինվորականները, բացի համատեղ գործողությունների ժամանակ իրական մարտական կարողությունների փորձարկումից, կատարել են նավերի և ինքնաթիռների համակարգման զորավարժություններ և վերահսկել հաղորդակցությունները։
Add new comment