Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ռայիսին հայտնել է՝ Իրանի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա երկրի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ երկրի զինված ուժերը կկտրի ցանկացած ձեռք, որը կբարձրանա Իրանի դեմ՝ ագրեսիայի նպատակով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին Իրանի Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարության ղեկավարության և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների հետ։ Նա շեշտել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերությունն աջակցում է զինված ուժերին Իրանի անվտանգության ապահովման ու ամրապնդման գործում։

Ռայիսիի համոզմամբ՝ Իրանի պաշտպանական և միջուկային արդյունաբերությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ չնայած կոշտ պատժամիջոցներին:

«Այսօր մենք կարող ենք վստահորեն աշխարհին ներկայացնել Իրանը` որպես առաջադեմ և տեխնոլոգիական երկիր, ինչը մեր երիտասարդ գիտնականների ջանքերի և հմուտ ձեռքերի շնորհիվ է, և դա ձեռք է բերվել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավորությամբ»,- ասել է նա։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Սա զսպող գործոն է Իրանի թշնամիների նկատմամբ, որոնք նախընտրում են երկրի հետ ունեցած տարաձայնությունները կարգավորել բանակցային ճանապարհով։ 

Add new comment