Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանին հաջողվել է պատժամիջոցները վերածել առաջընթացի հնարավորությունների. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ  Իրանին հաջողվել է պատժամիջոցներն ու ճնշումը վերածել առաջընթացի հնարավորությունների։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Թեհրանում Ալժիրի խորհրդարանի նախագահ Բրահիմ Բուգալիի հետ կայացած հանդիպմանը։

Իրանի նախագահը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է կիսել իր փորձն ու ձեռքբերումները բարեկամ և եղբայրական Ալժիրի հետ։ Նա Ալժիրի խորհրդարանի նախագահի այցն Իրան շրջադարձային է համարել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացում։

«Իրանի և Ալժիրի միջև առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ակտիվացումը և հարաբերությունների ճանապարհային քարտեզի պատրաստումը կարող են արդյունավետ դեր խաղալ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման արագացման և խթանման գործում»,- նշել է նա։ 

Ռայիսիի համոզմամբ` տարածաշրջանային և միջազգային բազմաթիվ հարցերի շուրջ երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն։ Նա ասել է, որ հաշվի առնելով այս հանգամանքը` Իրանը և Ալժիրը կարող են կառուցողական ու շահավետ համագործակցություն ունենալ ի շահ իրենց երկրների և իսլամական աշխարհի։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ուշադրություն են դարձնում նաև աֆրիկյան պետությունների հետ փոխգործակցության խորացմանը։ Այս պետությունների շարքում կարևոր տեղ ունի Ալժիրը, որի հետ վերջին տարիներին Իրանը խորացնում է իր հարաբերությունները։

Add new comment