ԱՄՆ-ն ուղղաթիռներ կվաճառի Լեհաստանին
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ Վարշավային ամերիկյան 96 «AH-64E Apache» ուղղաթիռների վաճառքը հաստատելու մասին։ Այս մասին հայտնում է PAP գործակալությունը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Պետքարտուղարությունը համաձայնվել է 96 «Apache» հարվածային ուղղաթիռ վաճառել Լեհաստանին: Ըստ լեհ զինվորականների՝ սրանք լավագույն հարվածային ուղղաթիռներն են աշխարհում և շատ անգամ ավելի լավն են «Caracale»-ից»,- ասել է նախարարը։
PAP գործակալությունը նշում է, որ «Caracale» ֆրանսիական ուղղաթիռների գնումից Լեհաստանը հրաժարվել է 2016 թ.:
«96 ուղղաթիռը, ինչպես նաև «Abrams» տանկերը, որոնց թիվը կհասնի 360-ի, անհաղթահարելի պատնեշ կդառնան և կփակեն Բրեստի դարպասները»,- ասել է Բլաշչակը՝ նկատի ունենալով Լեհաստանի և Բելառուսի միջև ձգվող շուրջ 80 կմ երկարությամբ հատվածը։
Պաշտպանության նախարարությունը, նրա խոսքով, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ պայմանավորվել է այն բանի շուրջ, որ 2024 թ. Լեհաստանն ուղղաթիռներ կստանա ԱՄՆ-ի ցամաքային զորքերից, որպեսզի լրացվի բացը, նախքան հատուկ Լեհաստանի համար արտադրված առաջին «Apache»-ները ստանալը։
Add new comment