Submitted by D.Guyumjyan on
DETQ

 Ռայիսին ընդգծել է Իրանի և Մալայզիայի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Իրանի և Մալայզիայի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռայիսին ասել է Մալայզիայի արտգործնախարար Զամբրի Աբդուլ Քադերի հետ հանդիպման ժամանակ։ 

Իրանի նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերություններն անհրաժեշտ է ընդլայնել հատկապես արդյունաբերության, առևտրի, գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրի մշակումը նոր փուլ կբացի Թեհրանի և Կուալա Լումպուրի միջև հարաբերություններում։

«Մենք հուսով ենք, որ պատրաստելով և կազմելով այս ծրագիրը՝ կկարողանանք անցնել չբացահայտված ճանապարհներով, հատկապես տնտեսական կապերի ընդլայնման հարցում»,- ասել է Իրանի նախագահը։

Զամբրի Աբդուլ Քադերը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը Մալայզիայի կարևոր գործընկերն է տարածաշրջանում և իսլամական աշխարհում։ Նա նշել է, որ Մալայզիան կոչ է անում զարգացնել կապերն Իրանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բժշկությունը, գիտությունը և տեխնոլոգիան՝ անտեսելով Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարևորում են  Հարավարևելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը, որն ավանդաբար համարվել է ԱՄՆ-ի ազդեցության գոտիներից մեկը։ Այդ երկրների շարքում կարևոր տեղ ունի նաև Մալայզիան, որի հետ վերջին տարիներին Իրանը խորացնում է իր փոխգործակցությունը։


 

Add new comment