Իրանին մեկուսացնելու թշնամիների քաղաքականությունը ձախողվել է. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանին մեկուսացնելու թշնամիների քաղաքականությունը ձախողվել է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Ռայիսին շեշտել է, որ Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը կօգնի Իսլամական Հանրապետությանը հաղթահարել արևմտյան պատժամիջոցների բացասական հետևանքները: «Մեր անդամակցությունը ԲՐԻԿՍ գլոբալ դաշինքին և տարածաշրջանային Շանհայի համագործակցության կազմակերպությանը որոշակիորեն կարող է իր դերը խաղալ ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ պայքարում»,- ասել է Իրանի նախագահը։
Վերջինս նաև հայտնել է, որ Իրանի տնտեսական ներուժը թույլ կտա ամրապնդել երկու միավորումների դիրքերը միջազգային ասպարեզում։
«Հաշվի առնելով մեր բազմաթիվ հնարավորությունները՝ մենք շատ արդյունավետ ենք համարում Իրանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին և ՇՀԿ-ին, ինչպես նաև մասնակցությունը տարածաշրջանային մյուս դաշինքներին։ Այդ արդյունավետությունը երկուստեք է, քանի որ Իրանի անդամակցությունից օգուտ կարող են քաղել միավորումների բոլոր մասնակիցները, այդ թվում՝ մենք ինքներս»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը մշտապես կարևորում է տարածաշրջանային այլ դերակատարների և կազմակերպությունների հետ հարաբերությունների ու համագործակցության խորացումը։ Սա Թեհրանին հնարավորություն է տալիս որոշակիորեն հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների հետևանքները, որոնք զգալի վնաս են պատճառել երկրի տնտեսությանը։
Add new comment