Իրանի գերագույն առաջնորդը բարձր է գնահատել հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու կառավարության քաղաքականությունը
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին բարձր է գնահատել երկրի կառավարության արտաքին քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Խամենեին շեշտել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարչակազմը պետք է հետևի բարիդրացիության քաղաքականությանը։ «Մենք չպետք է հակամարտություններ ունենանք մեր հարևաններից որևէ մեկի հետ։ Ինչ էլ որ լինի հակամարտությունը, թող վերածվի համագործակցության»,- ասել է նա։
Իրանի գերագույն առաջնորդը միևնույն ժամանակ կոչ է արել հարաբերություններ հաստատել բոլոր այն պետությունների հետ, որոնք ձգտում են զարգացնել կապերն Իրանի հետ, բացառությամբ կոնկրետ երկրների։
«Իսլամական Հանրապետության ներկայիս կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է հարևանների հետ հակամարտությունների վերացմանը և բազմաթիվ ու տարբեր կապերի հաստատմանը երկրների ու մայրցամաքների, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի, Արևելյան Ասիայի և Աֆրիկայի հետ, շատ լավ և ճիշտ է»,- ասել է Իրանի առաջնորդը։
Ալի Խամենեին հավելել է, որ պատժամիջոցների հիմնական նպատակը ժողովրդի բարեկեցությունը «պատանդ վերցնելն է»։ Նա ասել է, որ բանակցությունների հետ մեկտեղ անհրաժեշտ է չեզոքացնել պատժամիջոցները։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները տարբեր երկրների հետ և այս ուղղությամբ հստակ քայլեր է ձեռնարկում։ Այս քաղաքականությունն ուղղված է նախևառաջ երկրի դեմ սահմանված պատժամիջոցների չեզոքացմանը, որոնք վնասում են երկրի տնտեսությանը։
Add new comment