Վրաստանում փորձարկվել են տեղական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքերը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարության ղեկավարության հետ մասնակցել է Լեհաստանի հետ համատեղ արտադրված առաջին անօդաչու թռչող սարքերի փորձարկմանը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է վրաց-լեհական ձեռնարկությունում արտադրված անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքին։ Մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձնական թռիչք են իրականացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ փորձնական թռիչքներ են կատարել «Warmate» կամիկաձե և «FlyEye» հետախուզական անօդաչու թռչող սարքերը։
«Warmate»-ը թափառող ինքնաթիռ է, որն ունի թիրախների ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն։ Այն կարող է կրել տարբեր մարտագլխիկներ։
«FlyEye»-ն իր հերթին կարող է հետախուզական առաքելություններ կատարել բարդ օդերևութաբանական պայմաններում, ինչպես նաև էլեկտրոնային հարձակման ժամանակ։ Անօդաչու սարքը տվյալներ է ստանում, վերլուծում, այնուհետև իրական ժամանակում փոխանցում ցամաքին։
Ինչպես ավելի ուշ նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, որը նույնպես մասնակցել է փորձնական արձակմանը, իշխանությունները նախատեսում են ապրիլից սկսել այդ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը։
Add new comment