Ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Հունաստանի միջև․ Կառավարությունը հավանություն է տվել
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 31-ի նիստին հավանություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարութունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին:
Ըստ որոշման հիմնավորման՝ «Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութեր արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում»:
Add new comment