Submitted by H.Andreasyan on
Իմ կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից․ Խանդանյան

Իմ կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից․ Խանդանյան

Ես չեմ կարող ասել՝ արդյոք հնարավոր է վերապահումներով վավերացնել Հռոմի ստատուտը։ Հաշվի առնելով մեր երկրի խորհրդարանի լայն գործառույթները՝ դա հնարավոր է անել, բայց այս պահին նման հարց չի քննարկվում: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Իմ կարծիքով՝ այս ստատուտի վավերացումը բխում է ՀՀ-ի պետական շահերից, և շատ կարևոր է մեզ նման անվտանգային միջավայրում գտնվող երկրի համար այս մեխանիզմի կիրառումը: Կարծում եմ՝ պատճառներ չկան վերապահումներ ունենալու»,- ասել է Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե պե՞տք է այդ վերապահումներն անել, թե ոչ։

Անդրադառնալով նրան, որ ռուսական կողմն այս հարցի վերաբերյալ անհանգստություն է հայտնել և պարզաբանումներ պահանջել հայկական կողմից՝ հանձնաժողովի նախագահն ասել է. «Ես չգիտեմ, թե ինչ բովանդակությամբ հարցեր են առաջադրել Հայաստանին, և չգիտեմ՝ արդյոք պատասխաններ կան դրանց, թե ոչ: Այնուամենայնիվ, ես կրկնում եմ, որ նման փաստաթղթեր վավերացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է, և առանձնապես բացատրությունների կարիք չկա: 

Եթե ընթերցեք ստատուտը, կտեսնեք մի շարք ռազմական հանցագործություններին անդրադարձ, որոնք տեղի են ունենում վերջին երկու տարիներին Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիաների ընթացքում: Բացի դրանից` ստատուտն անդրադառնում է ցեղասպանությանը՝ որպես քրեորեն պատժելի երևույթի, և կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության ժառանգների երկիր, նաև բարոյապես է պարտավոր միանալ այս մեխանիզմին»:

Add new comment