Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում և անդրադարձել Արցախում ստեղծված իրավիճակին։
«Ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին։ Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այս պատմական հնարավորությունը բավականաչափ չի գնահատում։ Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում»,- նշել է նա։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերին, որտեղ գործում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով՝ պաշտպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Բացի դրանից` այսօր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ «Թուրքիան այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է»։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման են անցել Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կիրառում է նաև թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Add new comment