Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ և Եվրոպա մեկնող քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր հարձակումների մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում Եվրոպա և ԱՄՆ մեկնել պատրաստվող կամ այնտեղ գտնվող քաղաքացիներին նախազգուշացրել է հնարավոր հարձակումների մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ «վերջին շրջանում որոշ եվրոպական երկրներում ավելացել են հակաիսլամական, այլատյացության և ռասիստական գործողությունները, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպություններին կից խմբավորումների հակաթուրքական քարոզչական ակցիաները»։
Թուրքիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում ոստիկանության դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներ են իրականացվում, ինչի ֆոնին գրանցվում են «օտարատյացության ու ռասիզմի հողի վրա վերբալ ու ֆիզիկական հարձակումներ»:
«ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել «հանգիստ գործել հնարավոր այլատյաց և ռասիստական ոտնձգությունների ու հարձակումների դեպքում», ինչպես նաև հեռու մնալ այն տարածքներից, որտեղ կարող են ցույցերը տեղի ունենալ»»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ մի շարք եվրոպական երկրներ իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողության մասին:
Add new comment