Անկախ Հայաստանը սեպ է Թուրքիայի հեռահար նպատակների համար

Անկախ Հայաստանը սեպ է Թուրքիայի հեռահար նպատակների համար

1991 թվականի սեպտեմբերին անկախացած Հայաստանի Հանրապետությունը կանգնեց բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Ի տարբերություն Հայաստանի առաջին հանրապետության, որը, ինչպես ժամանակի գործիչներից մեկն էր բնորոշել, ստեղծվում էր անձև քաոսից և հիմնավոր որևէ ժառանգություն չէր ստացել, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Խորհրդային Հայաստանից ժառանգել էր քիչ թե շատ կազմակերպված պետական կառավարման համակարգ, տնտեսություն, գիտություն, մշակույթ, ինչը պետք է հիմք հանդիսանար նորաստեղծ պետության՝ ավելի կազմակերպված հունով ընթանալու համար, սակայն ժամանակի քաղաքական գործընթացները և ընդհանուր բարդությունները ոչ միշտ և ոչ բոլոր ոլորտներում տվեցին այդ հնարավորությունը։

1991 թ. Թուրքիան ճանաչել էր կովկասյան երեք երկրների անկախությունը, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի և Վրաստանի, հրաժարվել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց: Պատճառները կարող էին լինել մի քանիսը՝ Արցախյան հակամարտություն, հայկական պահանջատիրություն, Հայոց ցեղասպանության ճանաչման քայլեր: Թուրք պաշտոնյաները հղումներ էին անում Հայաստանի անկախության հռչակագրին, որի 11-րդ կետում ասվում էր. «Հայաստանը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։

Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ էին պանթյուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին կանգնած Հայաստանը և հայ ժողովուրդը, այնպես էլ այժմ՝ երրորդ հանրապետության ժամանակ։ Պանթյուրքիզմը՝ որպես գաղափարախոսություն, երբևէ հետընթաց չի ապրել և կարող է օգտագործվել տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխության դեպքում։ Պանթյուրքիստների գլխավոր նպատակը թյուրքախոս ժողովուրդներին մեկ ընդհանուր պետության մեջ ընդգրկելն է՝ հաշվի չառնելով նրանց աշխարհագրական տարածման սահմանները, մշակութային տարբերությունները։

Եթե նայենք քարտեզը, կտեսնենք, որ Հայաստանը, իրոք, սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական ամբողջ աշխարհի մեջ։ Եվ պատահական չէ, որ թուրքական քաղաքագիտական, քաղաքական տերմինաբանության մեջ Հայաստանն անվանում են «անիծյալ սեպ»։ Այսինքն՝ նպատակն այդ սեպի վերացումն է, թուրքական ճանապարհի կամ երակի ստեղծումը, մանավանդ, երբ արձանագրում ենք, որ Թուրքիան ամենևին չի հրաժարվել իր պանթյուրքիստական, թյուրքական միություն և թյուրքական ՆԱՏՕ ստեղծելու գաղափարից:

Add new comment