Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 22-ի նիստին, որոշում է կայացրել Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնել հումանիտար կայան` Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 15 911 700 դրամ։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար ճգնաժամը միջազգային և օտարերկրյա կառույցներին օբյեկտիվորեն ներկայացնելը, Լաչինի միջանցքի բացմանն ու հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցների աշխատանքներին աջակցելը։
Հումանիտար կայանը ծառայելու է որպես հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրավապաշտպան կազմակերպություններին և համաշխարհային հանրությանը ներկայացնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ողջ իսկությունը, կազմակերպել վերջիններիս այցերը և դեպքերի ընթացքի մասին տեղեկություն տրամադրել անմիջապես այն միջավայրից, որտեղ օգնության ցուցաբերման նպատակով կուտակված է հումանիտար բեռը։
Add new comment