Հայաստանի բանակի ձևավորումն ու անցած ճանապարհը

Հայաստանի բանակի ձևավորումն ու անցած ճանապարհը

Հայաստանի բանակի ձևավորումն ու անցած ճանապարհը

Հայաստանի Հանրապետությունում բանակ ստեղծելու առաջին քայլերը ձեռնարկվել են անկախության վերականգնումից շատ առաջ, սակայն անկախության առաջին տարիներին Հայաստանը դեռևս չէր կարող հավակնել կանոնավոր զինված ուժեր ունենալուն։ 

1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, որի ենթակայությանը հանձնվեցին երկրում եղած ուժային կառույցներից որոշակի ստորաբաժանումներ՝ մասնավորապես Ներքին գործերի նախարարության պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և ՀՀ զինվորական կոմիսարիատը: Նախկին խորհրդային տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ եկան ազգային բանակի շարքերը լրացնելու: Անհրաժեշտ է նկատել, որ եթե ժամանակին չկատարվեին հավաքագրման ու ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա հնարավոր չէր լինի իրականացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծումը։ 

Հայաստանի զինված ուժերի ստեղծման գործընթացը չափազանց բարդ գործընթաց էր: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները Հայաստանի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ ստեղծված մեկ հատուկ գնդի համար Հայաստանին մեղադրում էին բանակ ստեղծելու ցանկության մեջ, մինչդեռ Ադրբեջանին թույլ էին տվել զինել 40-հազարանոց անկառավարելի մի հրոսակախմբի, որը վայրագություններ էր իրականացնում այդ երկրում բնակվող խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Բացի դրանից՝ խորհրդային բանակում հայ զինծառայողների նկատմամբ ազգային խտրականության դրսևորումների պատճառով 1990 թվականի գարնանը Հայաստանում ժամանակավորապես դադարեցվեց ժամկետայինների զորահավաքը, ինչը հետագայում մեծ խնդիրներ ստեղծեց հայկական նորաստեղծ բանակի համար:

1992 թվականին առաջին զորակոչի ժամանակ պարզ դարձան երեք տարի զորակոչ չիրականացնելու և դրա հետևանքով 7-րդ բանակը, ինչպես Վազգեն Սարգսյանն է բնորոշել, «չհայկականացնելու» բոլոր վատ հետևանքները: Նշենք, որ 7-րդ բանակում հայ զինծառայողները քիչ էին: 1992 թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երդման առաջին հանդիսավոր արարողությունը:

Նկատենք, որ նույն թվականի սեպտեմբերի 20-ին ստեղծվեց Հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ հայկական զինված ուժերի առաջնեկը և ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին Արցախյան գրեթե բոլոր ռազմաճակատներում:

Այսպիսով՝ սրանք Հայաստանում ապագա բանակի ստեղծման ուղղությամբ կատարված իրավական և գործնական առաջին քայլերն էին:

Հայկական աշխարհազորայիններն առաջին անգամ թշնամու ուժերի հետ բախվեցին 1990 թ. հունվարին Երասխավանում և Կիրանցում: Դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ աշխարհազորայիններով մենք հեռու չենք կարող գնալ և լուրջ խնդիրներ չենք կարող լուծել:

Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սկսվեց ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատների կազմավորումը: Որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր: Հայաստանի խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում կիսագաղտնի ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրությունը:

Հայաստանում կամավորական ջոկատների տարերային կազմավորման և բնակչության ձեռքին մեծաքանակ զենքի հայտնվելը հանգեցրեց չվերահսկվող զինված խմբավորումների կողմից իրավիճակի ապակայունացման:

Բացի դրանից՝ խորհրդային իշխանությունների իրականացրած «Օղակ» ռազմական գործողության ժամանակ՝ 1991 թ. ապրիլի 30-ից մայիսի 17-ը, Արցախում և Հայաստանում սպանվեց 75 հայ, և հայաթափվեց 23 հայկական գյուղ:

Այս ողբերգական դեպքերից հետո կանոնավոր բանակի անհրաժեշտությունը դարձավ հրամայական: Կամավորականները որոշ ժամանակ անց արդեն սահուն կերպով պետք է իրենց տեղը զիջեին կանոնավոր զորամիավորումներին: Կարևոր է նկատել, որ կամավորական ջոկատները փայլուն կերպով կատարեցին իրենց առջև իրենց իսկ կողմից դրված խնդիրները:

Արցախում 1992 թ. սկզբի դրությամբ հայկական բոլոր ուժերը միասին ունեին մոտ 1000 ազատամարտիկ:

Կարևոր է նաև նշել, որ խորհրդային 7-րդ գվարդիական բանակի գույքն ու սպառազինությունը 1992 թ. ամռանը՝ Ադրբեջանին հատկացվածից մոտ վեց ամիս ուշ, հանձնվեցին Հայաստանի Հանրապետությանը: Հենց այդ շրջանում հայկական ուժերը սկսեցին բռնագրավել երկրի տարածքում մնացած սպառազինության Հայաստանին պատկանող մասնաբաժինը։ Անհրաժեշտ էին կապավորներ, սակրավորներ, հրետանավորներ: 1991 թ. հունիս-օգոստոս ամիսներին զինկոմիսարիատներում ուսումնասիրվեցին պահեստի սպաների անձնական գործերը, որպեսզի նրանց ներգրավեն այդ գործում: Սպաներից շատերը գործուղվեցին սահմանամերձ շրջաններ: Կազմավորվեց ինքնապաշտպանական գումարտակների սպայական կազմ: Ըստ էության, այս ամենը նաև կարևոր առանձնահատկություն ուներ. բանակի ստեղծում՝ առանց հրամանների:

Հայկական զինված ուժերի կայացման տեսանկյունից չափազանց կարևոր քայլ էր նաև 1992 թվականի օգոստոսի 14-ին Արցախում պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը, որի նախագահ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը: Կոմիտեին հանձնվեցին ԼՂՀ նախարարների խորհրդի բոլոր գլխավոր գործառույթները և լիազորությունները:

1992 թ. ամռանը Քրիստափոր Իվանյանը Ստեփանակերտում սկսեց հակատանկային դիվիզիոնի կազմավորումը, որը շատ կարևոր նշանակություն ունի բանակաշինության գործում: 1992 թ. աշնանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի զինվորական ամբիոնում հրետանավոր սպաների համար կազմակերպվեցին դասընթացներ:

1992 թ. սեպտեմբերի 3-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական ծառայությունը: Բաժինը ղեկավարում էր պահեստի գնդապետ Ալֆրեդ Ազիզյանը: Նոյեմբերին ձեռքով գծագրվեցին ու տպագրվեցին 1:50.000 մասշտաբի տեղագրական առաջին քարտեզները, որոնք անչափ անհրաժեշտ էին ռազմաճակատի համար:

Գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանի բնորոշմամբ՝ բանակաշինության ասպարեզում «1992 թ. տրամաբանական ավարտը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ զինված ուժերի 1993 թ. պատրաստության մասին» հրամանը»: Դա ընդհանրական առաջին հրամանն էր, որում որպես գլխավոր խնդիր սահմանվում էր միավորումների և զորամասերի պահպանումը պատրաստության այնպիսի վիճակում, որով կապահովվեր ՀՀ սահմանների հուսալի պաշտպանությունն արտաքին ոտնձգություններից: Սա արդեն հուշում էր այն մասին, որ կամավորական ջոկատները գրեթե ամբողջովին իրենց տեղը զիջեցին կանոնավոր բանակին:

Միևնույն ժամանակ նկատենք, որ կամավորական ջոկատներից կանոնավոր բանակի անցումը Հայաստանում տեղի ունեցավ մեկ տարի շուտ, քան Ադրբեջանում, և մի շարք փորձագետների պնդմամբ՝ սա առաջնային գործոններից մեկն էր, որը պայմանավորեց Արցախյան ազատամարտում հայկական կողմի հաղթանակը։ Հենց այս ժամանակաշրջանում, նաև օգտվելով Ադրբեջանում առկա ներքաղաքական ճգնաժամից և խժդժություններից, հայկական ուժերը կարողացան ազատագրել Շուշին, Բերձորը, Քարվաճառը, մյուս խոշոր հինգ շրջանները և ապահովեցին հայկական կողմի հաղթանակը։ 

Հայկական ուժերի համար յուրահատուկ փորձություն էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, որի ընթացքում հայկական կողմը կարողացավ նվազագույն կորուստներով զինադադար պարտադրել Ադրբեջանին, ինչը, մի շարք հանգամանքներով պայմանավորված, ցավոք, տեղի չունեցավ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Միևնույն ժամանակ կարևոր է նկատել, որ ներկայումս Հայաստանի զինված ուժերի համար չափազանց կարևոր է արդիականացման և մարտունակության վերականգնման գործընթացը, քանի որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները շարունակում են պահպանվել և էլ ավելի խորանալ։ Այս մարտահրավերներին կարող է դիմակայել բացառապես մարտունակ հայկական բանակը։
 

Add new comment