Իրանը ԱԹՍ-ներ է մշակում, որոնք կարող են վայրէջք կատարել ջրի վրա և հրթիռներ ու ռումբեր կրել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մշակում է ռազմական անօդաչու սարքեր, որոնք կարող են վայրէջք կատարել ջրի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքերը հնարավորություն ունեն նաև հրթիռներ ու ռումբեր կրելու։
ԻՀՊԿ ռազմածովային նավատորմն արտադրում է նաև հիբրիդային անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն երկու առանձին շարժիչ արձակման և շարժման համար:
Նշվում է, որ այս անօդաչու թռչող սարքերը կարող են հետախուզական գործողություններ կատարել 15 ժամվա ընթացքում։ Մոտ ժամանակներս դրանք կհամալրեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նավատորմը և կօգտագործվեն ԻՀՊԿ-ի կողմից իրականացվող տարբեր գործողություններում։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը։ Սա պայմանավորված է այս հարցում արտաքին դերակատարներից ունեցած կախվածությունը վերացնելու նպատակով, քանի որ տարիներ շարունակ Իրանին սպառազինություն վաճառելու արգելքն Իսլամական Հանրապետության նկատմամբ օգտագործվել է որպես ճնշման միջոց։
Add new comment