Submitted by D.Guyumjyan on
5

Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն երեք տարի առաջ հասել է հիմնական նպատակին՝ վերականգնել է «30 տարի խախտված տարածքային ամբողջականությունը»։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը միևնույն ժամանակ պնդել է, թե իբր Բաքուն 30 տարի շարունակ «օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ էր»: Նրա խոսքով՝ դա Ադրբեջանի ժողովրդի համար «մեծ ողբերգություն էր և հումանիտար աղետ»։

«Մենք երկար տարիներ փորձել ենք հակամարտությանը և օկուպացիային վերջ տալ խաղաղ ճանապարհով»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև պնդել է, որ իր երկիրը 28 տարի հավատարիմ էր բանակցային գործընթացին, սակայն երեք տարի առաջ որոշել է օգտվել «ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքից»:

«Երեք տարի առաջ մենք ազատագրեցինք մեր տարածքները, վերջ դրեցինք օկուպացիային, իսկ անցած ամիս մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- նշել է նա։

Վերջինս հավելել է, որ Հարավային Կովկասն այսօր կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիայից հետո հասավ իր գլխավոր նպատակին և ամբողջական վերահսկողություն սահմանեց Արցախի նկատմամբ։ Ներկայումս Ալիևը փորձում է ամեն կերպ իր այս արձանագրած հաջողությունն օգտագործել երկրի ներքաղաքական կյանքում՝ տարբեր խնդիրներ լուծելու համար։

 



 

Add new comment