Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության․ Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան տարածաշրջանում հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին ընդգծել է, որ այցը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև բանակցությունների ու շփումների շարունակության շրջանակում՝ երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանում զարգացումների վերանայման նպատակով։ Նրա խոսքով՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասում տիրող իրավիճակին։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների դադարեցումը, սակայն դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության։ Նրա խոսքով՝ Իրանը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:
Նասեր Քանաանին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։
«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատում ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական և խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը սկզբունքային դիրքորոշում է հայտնել առ այն, որ տարածաշրջանային պետությունների սահմանների որևէ փոփոխություն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում իրանական կողմն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչն առաջացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դժգոհությունը։
Add new comment