Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի նախագահը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հետքայլ է որակել

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին արաբական որոշ երկրների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հետքայլ է անվանել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:

Ռայիսին շեշտել է՝ Ալ-Ղուդսի (Երուսաղեմի - խմբ.) և Պաղեստինի ազատագրումն իսլամական ումմայի միասնության ամենակարևոր ցուցանիշն է։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը դիտվում են որպես հետքայլ ցանկացած կառավարության համար, քանի որ դա ցանկանում են օտարները։ Իրանի նախագահի համոզմամբ՝ հակառակորդին դիմակայելու ճանապարհը ոչ թե փոխզիջումներով ու կապիտուլյացիայով է, այլ դիմադրությամբ ու տոկունությամբ։  

«Մուսուլմանները և ողջ իսլամական աշխարհը պետք է հաստատվեն նոր կարգի մեջ, քանդեն ներկայիս անարդար կարգը և ստեղծեն արդար կարգեր աշխարհում»,- ասել է նա։

Էբրահիմ Ռայիսին հավելել է, որ իսլամական ումման առանցքային դեր է խաղալու ձևավորվող աշխարհակարգում։

#Դետքի_հետագծով

Ներկայումս արաբական մի շարք երկրներ, տարբեր հանգամանքներից ելնելով, կարգավորում են իրենց հարաբերություններն Իսրայելի հետ։ Սա առաջացնում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների դժգոհությունը, որոնք ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ գործընթացը։

 

 

Add new comment