Submitted by D.Guyumjyan on
5

Սիրիան Թուրքիայից պահանջում է դուրս բերել զորքերը երկրի տարածքից

Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ ալ Սաբբահը հայտարարել է, որ Սիրիան իր տարածքում թուրքական զորքերի ներկայությունը համարում է անօրինական օկուպացիա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Սիրիայի ԱԳ փոխնախարարն ասել է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ալ Սաբբահը շեշտել է՝ Թուրքիան պետք է դուրս բերի իր ռազմական զորակազմը, հակառակ դեպքում երկրների միջև հարաբերությունների կարգավորումն անհնար է:

Բասամ ալ Սաբբահը հիշեցրել է, որ կան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր, որոնք կոչ են անում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման հայտարարություններ են արվել նաև Աստանայի ձևաչափի շրջանակում, որի մաս է կազմում Թուրքիան։

«Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը: Մենք, իհարկե, պատրաստ ենք նրանց հետ քննարկել ցանկացած այլ ասպեկտ, բայց նրանք չպետք է պնդեն, որ զորքերը մնան։ Սա ապօրինի օկուպացիա է, և այն կխոչընդոտի Թուրքիայի հետ ցանկացած տեսակի շփումներ և հարաբերություններ հաստատելու ամեն մի փորձ»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներխուժել է Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ, որոշ տարածքներ օկուպացրել և մինչև այսօր հրաժարվում է իր զորքերն այդ շրջաններից դուրս բերելուց։ Սիրիայի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակում պահանջում են ամբողջովին դուրս բերել զորքերը երկրի տարածքից, ինչը Անկարան չի շտապում կատարել։

 


 

Add new comment