Ամենից շատ վտանգված են Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական տարածքները. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Հայաստանի շուրջ լարվածության նոր ալիք է սկսում: Ինչպես և կանխատեսելի էր Արցախի թեման «փակելուց» հետ Ադրբեջանն անցնելու է հաջորդ արարին՝ դա արդեն բուն ՀՀ տարածքն է: Ադրբեջանական մեդիա տիրույթի ու իշխանական փորձագետների հարցազրույցների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ առաջիկայում ամենից շատ վտանգված են Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական տարածքները, այսպես կոչված «անկլավները», որոնք Փաշինյանը բանավոր հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի մաս:
Շատ մեծ է ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գործողությունների գնալ այդ տարածքներում՝ որպես հիմնավորում բերելով Փաշինյանի հայտարարությունը: Շատ կարևոր է այդ հատվածներում բարձր զգոնություն պահելը: Եթե մենք վտանգենք հարևանների հետ մեր կապուղիները, կարող ենք հայտնվել բլոկադայի մեջ:
Սա բարդ թեմա է, բայց ես կարծում եմ որպես փորձագետ պարտավոր եմ հանրությանը իրազեկել սպասվող հնարավոր զարգացումների մասին, քանի որ եթե հասկանանք ինչ է լինելու, կարող ենք փորձել դա կանխել:
Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց քայլերով ու հայտարարություններով որևէ իրական բան չեն արել Ալիևին 2020 թվականի ագրեսիայի համար պատժելու՝ դրանով իսկ հետագա ագրեսիվ քայլերը կանխելու համար, որոնք պատրաստվում են «խաղաղության պայմանագիր» ստորագրել մի բռնապետի հետ, ով փաստացի ցեղասպանություն է իրականացրել Արցախի հայության նկատմամբ, շարունակում են մեզ համար ԱԺ–ում անհեթեթ բեմադրություններ կազմակերպել:
Նրանք որևէ իրական քայլ չեն անում ՀՀ–ի դեմ գալիք արհավիրքները կանխելու ու երկրի անկումը կասեցնելու համար: Եթե Նիկոլ Փաշինյանի համար ՀՀ–ն որպես պետություն արժեք ունենար, ապա նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները: Բայց նա դա չի անելու, քանի որ իր նպատակը ՀՀ–ին ծառայելը չէ, այլ մեր պետությունը քանդելն է, ինչն էլ ակտիվ տեմպերով իրականացնում է»:
Add new comment