Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Երևանում արված հայտարարությունները։
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած այցի շրջանակում մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքները։ Ֆրանսիան, որը շուրջ 30 տարի չի կարևորում ադրբեջանցիների զանգվածային արտաքսումն իրենց հայրենի հողերից, նրանց դեմ պատերազմական հանցագործությունների և ջարդերի իրականացումը, այժմ առանց որևէ հիմքի հակասում է ՄԱԿ-ի դիրքորոշմանը։ Կարմիր խաչի կոմիտեն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնախումբը և միջազգային այլ կազմակերպություններ փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը՝ պնդելով, թե իբր բռնի ուժով վտարվել են տարածաշրջանն ինքնակամ լքած հայ բնակիչները»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր էջում գրել է՝ «Շրջափակման» և «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երևանում «չեն նպաստում խաղաղությանը»։
«Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է», վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ և չեզոք միջնորդ լինելու դիմակները»,- գրել է Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը երեկ ժամանել է Երևան։ Նա հայտարարել է, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։ Ֆրանսիացի նախարարը նաև հույս է հայտնել, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա»։
Add new comment