Իրանի ԳՇ պետը հայտնել է՝ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին դիտարկումներ իրականացնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Բաղերին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Բաղերին շեշտել է՝ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում լարվածության շարունակումը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների շահերին։
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման ետևում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։
«Տարածաշրջանում խաղաղությունը և հանդարտությունն են համապատասխանում բոլոր երկրների շահերին, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է խաղաղությանը»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ Բաղերին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն անկայունություն կհրահրի։
#Դետքի_հետագծով
Իրանական կողմը ձգտում է տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական լարվածությունը, պահել վերահսկելիության սահմաններում։ Այս շրջանակում Իրանը պարբերաբար նման նախաձեռնություններով է հանդես գալիս, սակայն շատ հաճախ դրանց շուրջը կոնսենսուս չի ձևավորվում։
Add new comment