000

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամներն ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի (Արցախի - խմբ․) իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»,- ասվում է փաստաթղթում:

Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցություններն Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանն անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել` հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Հակառակ դեպքում պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Add new comment