Submitted by D.Guyumjyan on
դետք

Իրանահայ պատգամավորը մտահոգված է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիև-Փաշինյան կուլիսային պայմանավորվածություն կա

Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը հայտարարել է՝ Իրանն ուշի-ուշով հետևում է տարածաշրջանում դեպքերի զարգացմանը, և իր համար շատ կարևոր է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում տարածաշրջանից դուրս գտնվող այլ պետություններ հաստատվեն, դա Իրանի համար «կարմիր գիծ» է: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Շահվերդյանն ասել է «News.am» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Անդրադառնալով տեսակետին, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կուլիսային ինչ-որ պայմանավորվածություն կա, Իրանի խորհրդարանի պատգամավորը նշել է. «Գոնե ես այդ մտահոգությունն ունեմ, որովհետև տեսնում ենք, թե ինչպես միանգամից փոփոխություններ եղան տարածաշրջանում, Ղարաբաղից տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետո եղավ ԼՂՀ-ի կազմալուծման հայտարարությունը: Հետո տեսնում ենք, որ ձերբակալվեցին Արցախի նախկին նախագահները: Այս ամենը մտահոգիչ է, և ես հույս ունեմ, որ կուլիսներում էլ որոշումներ չլինեն, այդ թվում` Զանգեզուրի հետ կապված»։

Ինչ վերաբերում է թուրքական կողմի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, այդ միջանցքը կանցնի Իրանի տարածքով, Արա Շահվերդյանն ընդգծել է, որ նման ճանապարհ արդեն 20 տարի գործում է։

«Դրանով կարծես Թուրքիան ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ասում է, որ եթե դուք ինձ նեցուկ չկանգնեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում, մենք Իրանի ճանապարհից կօգտվենք: Մյուս կողմից էլ Հայաստանին են ասում, որ եթե միջանցքն Իրանով անցնի, Հայաստանը տնտեսական շահից կզրկվի: Ես հուսով եմ, Հայաստանի իշխանությունն ավելի ուշադիր կլինի այս տեսակի քայլերի հարցում և թույլ չի տա, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, քանի որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի անվտանգության համար»,- եզրափակել է նա:

#Դետքի_հետագծով

Իրանահայ պատգամավորն արտահայտում է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որը դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Միևնույն ժամանակ չափազանց մտահոգիչ է վերջինիս կողմից նման հայտարարությունը, քանի որ առանց հավաստի տեղեկության նա նման մտահոգություն չէր արտահայտի։

 

Add new comment