Թուրք պաշտոնյան նշել է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցելուց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ապա այն կարող է անցնել Իրանի տարածքով։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։
Թուրք պաշտոնյան շեշտել է՝ իրական աշխարհագրական պայմանների տեսանկյունից միջանցքը ձեռնտու կլինի այն տարածքներից ցանկացածին, որով այն կանցնի։
«Կարծում ենք, որ Հայաստանն այս հարցը կգնահատի առանց քաղաքական միջնորդավորված նկատառումների։ Հակառակ դեպքում այլընտրանքը կլինի այն, որ միջանցքն անցնի Իրանի սահմաններով»,- ասել է նա։
Վերջինս հայտնել է, որ նախագծի երթուղին մեծ մասամբ արդեն պատրաստ է, բացառությամբ որոշ հատվածների։ Նրա խոսքով՝ կա մի երթուղի, որը Բաքվից գնում է Ստեփանակերտ, որին հաջորդում են թուրքական ընկերության կողմից մինչև Հայաստանի սահմանները կատարվող աշխատանքները։
«Նախիջևանում մոտ 110 կմ երկարությամբ երթուղի կա, և այնտեղ ճանապարհները մի փոքր կառուցման կարիք ունեն, որից հետո երթուղին կանցնի դեպի Կարս։ Թուրքիայի տարածքում 224 կմ ճանապարհ կլինի»,- ասել է Ուրալօղլուն։
Թուրք պաշտոնյան հավելել է՝ շուտով աշխատանքները կսկսվեն Նախիջևանի տարածքում, իսկ մեկ ամսվա ընթացքում Թուրքիան իր տարածքում երթուղու մի մասի կառուցման մրցույթ կանցկացնի։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը պնդում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով։ Նման կերպ Անկարան և Բաքուն փորձում են հավաստիացնել, որ իրենք Երևանից ցանկանում են ոչ թե արտատարածքային միջանցք, այլ պարզապես ճանապարհ, ինչն իրականությանը չի համապատասխանում։
Add new comment