ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն որևէ տեղեկություն չունի
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից (Արցախից-խմբ․) ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել դիվանագիտական աղբյուրը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տևողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգմամբ, եթե պայմանագրի կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն «Ազատությանը» փոխանցել է, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։
«ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ, ինչի մասին քիչ առաջ մամուլը գրեց, որևէ տեղեկություն չունենք և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- ասել է Թորոսյանը։
Add new comment